Էներգիան կենտրոնական նշանակություն ունի ժամանակակից մարդու կենսագործունեության և պետությունների զարգացման գրեթե բոլոր ոլորտների, նպատակների և խնդիրների համար: Լինեն աշխատատեղերը, անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը, սննդամթերքի արտադրությունը, թե` եկամուտների ավելացումը՝ էներգիայի աղբյուրների հասանելիությունը բոլորի համար որոշիչ գործոն է: Կայուն էներգետիկան անհրաժեշտ է տնտեսական զարգացման, էկոհամակարգերի պահպանության և արդարության հաստատման հարցերում` անգամ:
ԱՄՆ էներգետիկ ինֆորմացիոն գործակալության տվյալների համաձայն՝ 2006-2030 թվականներին օգտագործվող էլեկտրաէներգիայի ծավալները կաճեն 44 տոկոսով: Բայց միայն թույլ զարգացած կամ զարգացող երկրներում չէ, որ էլեկտրաէներգիայի սպառումը սրընթաց աճ կարձանագրի. կապված էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների սեկտորի զարգացման, տեխնոլոգիական առաջընթացի հետ՝ զարգացած երկրները ևս էական ավանդ կունենան էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկի մեծացման հարցում: Վերլուծաբանները կանխատեսում են, որ մինչև 2050 թվականը համաշխարհային էներգիայի պահանջարկը կմեծանա 1,5 անգամ՝ ընդհանուր առմամբ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի պահանջարկը կկրկնապատկվի:
Համաշխարհային էներգետիկ շուկայի հետագա աճի հիմնական կատալիզատորը կդառնա զարգացող երկրներում էլեկտրաէներգիայի սպառման շարունակական աճը՝ կապված տնտեսական զարգացման հետ: Բացի այդ՝ կանխատեսվում է, որ մոլորակի բնակչությունը մինչև 2050 թվականը կաճի ևս 1,7 միլիարդով, ինչը նույնպես կհանգեցնի էներգիայի մեծ պահանջարկի: Այս ամենի արդյունքում կանխատեսվում է, որ էներգակիրների գները գնալով կբարձրանան:
ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի համատեքստում ընդունվել են համապատասխան նպատակներ, որոնցից 7-րդը վերաբերում է կոնկրետ էներգետիկայի ոլորտին և կոչվում «Բոլորի համար համընդհանուր հասանելիության ապահովում մատչելի, ապահով, կայուն և ժամանակակից էներգիայի աղբյուրներին»: Այս նպատակին հասնելու համար ՄԱԿ-ը սահմանել է նպատակակետեր, որոնք բավականին տպավորիչ են: Մասնավորապես՝
• մինչև 2030 թվականն ապահովել մատչելի, կայուն և ժամանակակից էներգամատակարարման համընդհանուր հասանելիություն,
• մինչև 2030 թվականը համաշխարհային էներգետիկ բալանսի մեջ էականորեն ավելացնել վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի մասնաբաժինը,
• մինչև 2030 թվականը կրկնապատկել էներգաարդյունավետության բարձրացման ցուցանիշը,
• մինչև 2030 թվականն ակտիվացնել էկոլոգիապես մաքուր էներգետիկայի ոլորտում հասանելիության բարձրացման և ուսումնասիրությունների խթանման ՝ ներառյալ վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետության բարձրացման և հանածո էներգակիրների օգտագործման առաջադեմ՝ ավելի մաքուր տեխնոլոգիաների կիրառման հարցում միջազգային համագործակցությունը և խթանել էներգետիկ ենթակառուցվածքների և էկոլոգիապես մաքուր էներգիայի ստացման համակարգերում ներդրումների աճը,
• մինչև 2030 թվականը բոլոր զարգացող երկրներում ընդլայնել և արդիականացնել ժամանակակից և կայուն էներգամատակարարման ենթակառուցվածքներն ու տեխնոլոգիաները, մասնավորապես՝ թույլ զարգացած երկրներում, զարգացող մանր կղզի-պետություններում և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներում՝ հաշվի առնելով դրանց համապատասխան աջակցության ծրագրերը:
Այս համատեքստում համաշխարհային հանրությունը հույսը դնում է վերականգնվող աղբյուրներից էներգիայի ստացման տեխնոլոգիաների զարգացման վրա: Բայց, միևնույն ժամանակ, պետությունների էներգետիկ քաղաքականությունը պետք է լինի կշռադատված ու հավասարակշռված, որ էներգիայի պահանջարկը չգերիշխի գլոբալ կլիմայական փոփոխությունների և շրջակա միջավայրի աղտոտվածության հարցերի նկատմամբ: